top of page

Նյարդային անորեքսիա

Նյարդային անորեքսիան հոգեբանական խանգարում է, որը բնութագրվում է գիրանալու ուժեղ վախով: Դա հանգեցնում է սննդի ընդունման խիստ սահմանափակումների և հաճախ քաշի կտրուկ կորստի: Նյարդային անորեքսիան ուղեկցվում է մարմնի քաշի ոչ ճիշտ պատկերացումներով (կարծում են, որ ունեն ավելորդ քաշ, մինչդեռ իրականում ոչ բավարար քաշի են)։

Քաշի ավելացումը կանխելու կամ նիհարելու համար անորեքսիա ունեցող մարդիկ սովորաբար խիստ սահմանափակում են իրենց սննդի քանակը: Օրինակ՝ վերահսկում են սննդի կալորիաները և միայն քիչ կալորիականությամբ սնունդ են օգտագործում, կամ չափից շատ են մարզվում:

Առաջացման պատճառներ

Շրջակա աշխարհի գործոն
 

Գեղեցկության ստանդարտները, մոդայի զարգացումը ընդգծում են նիհար լինելու ստանդարտները: Հաջողությունն ու գեղեցկությունը հաճախ նույնացվում են նիհար լինելու հետ: Բացի այդ հասակակիցների կողմից ճնշումը կարող է նպաստել նիհարելուն, հատկապես երիտասարդ աղջիկների դեպքում:

Հոգեբանական գործոն 

Անորեքսիա ունեցող մարդիկ հիմնականում ունեն կամքի մեծ ուժ,ինչը  հեշտացնում է խիստ դիետաներին հավատարիմ մնալը և սննդից հրաժարվելը, չնայած քաղցած լինելուն: Նրանք կարող են ծայրահեղ պերֆեկցիոնիստներ լինել, ինչի պատճառով մտածում են, որ իրենք բավականաչափ նիհար չեն:

Ֆիզիկական ախտանշաններ

  • Ծայրահեղ քաշի կորուստ

Նյարդային անորեքսիա ունեցող անհատները հաճախ զգալի քաշի կորուստ են ունենում կալորիականության խիստ սահմանափակման և երբեմն ավելորդ ֆիզիկական վարժությունների պատճառով: Այս քաշի կորուստը կարող է հանգեցնել թերսնման և առողջական այլ բարդությունների: 

 

  • Հոգնածություն

Սննդի անբավարար ընդունման հետևանքով կարող է առաջանալ հոգնածություն և թուլություն, քանի որ մարմինը չունի էական սննդանյութեր և էներգիայի աղբյուրներ:

 

  • Չոր մաշկ

Վատ սնուցումը կարող է հանգեցնել մաշկի չորության, շերտավորման՝ օրգանիզմում A, C, E և այլ կարևոր հանքանյութերի բացակայության պատճառով:

 

  • Մազաթափություն

Սննդանյութերի, մասնավորապես սպիտակուցի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մազերի նոսրացման և մազաթափության:

 

  • Ձեռքերի և ոտքերի այտուցվածություն

Ձեռքերի կամ ոտքերի այտուցները կարող են առաջանալ օրգանիզմում հեղուկի անհավասարակշռության պատճառով, որն առաջանում է ոչ բավարար սննդանյութերի ընդունման արդյունքում:

 

  • Ցածր արյան ճնշում

Անբավարար սնուցումը և ջրազրկումը կարող են հանգեցնել արյան ցածր ճնշման, ինչը կարող է հանգեցնել գլխապտույտ, թուլություն նաև ուշագնացություն:

 

  • Մատների կապտավուն գունաթափում

Արյան շրջանառության խափանումը և հյուսվածքներում թթվածնի անբավարարությունը կարող են առաջացնել ցիանոզ, մատների կամ եղունգների կապտավուն գունաթափում, հատկապես ցուրտ ջերմաստիճանի դեպքում:

 

  • Անքնություն

Անհանգստությունը, լարվածությունը և հորմոնների խանգարումները, որոնք բնորոշ են նյարդային անորեքսիա ունեցող մարդկանց մոտ, կարող են նպաստել քնի դժվարություններին: :

 

  • Փորկապություն և որովայնի ցավ

Սննդի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մարսողական խնդիրների, ինչպիսիք են փորկապությունը և որովայնի ցավը:

 

  • Սրտի անկանոն ռիթմ

Կալիումի և նատրիումի անբավարարությունը օրգանիզմում, կարող է խաթարել սրտի նորմալ աշխատանքը և հանգեցնել սրտի անկանոն ռիթմի (առիթմիայի), որը կարող է կյանքի համար վտանգ ներկայացնել, եթե չբուժվի:

Վարքագծային ախտանշաններ

  • Քիչ սնվելը կամ ուտելուց հրաժարվելը

  • Չուտելու արդարացումներ գտնելը

  • Միայն ցածր կալորիականությամբ սնունդ օգտագործելը

  • Միայնակ սնվելը 

  • Մարմնի քաշի կրկնվող չափումները

  • Հաճախակի հայելու մեջ թերություններ փնտրելը

  • Լայն հագուստով մարմինը թաքցնելը

  • Փոփոխական տրամադրությունը

Բուժում  

Նյարդային անորեքսիայի բուժումը բավականին բարդ և երկարատև գործընթաց է: 

Բուժումը հիմնականում ներառում է՝ 

 

1. Քաշի վերականգնման գործընթաց 

Թերքաշի դեպքում առաջնային նպատակն է վերականգնել առողջ քաշը հատուկ սննդային դիետաների, ախորժակը խթանող դեղորայքի, հաճախ նաև վիտամինային հավելումների միջոցով: Այս ամենին զուգահեռ պետք են պարբերաբար բժշկական զննումներ ՝ հատկապես արյան ճնշման և սրտանոթային խնդիրները կարգավորելու համար:

2. Սննդային թերապիա

Այս թերապիան իրենից ներկայացնում է դիետոլոգի կամ սննդաբանի հետ հատուկ սննդակարգ մշակելու գործընթաց՝ առողջ քաշը վերականգնելու և պահպանելու համար:

3. Հոգեբանական թերապիա

Ճանաչողական-վարքային թերապիա (CBT).  Այս թերապիան օգնում է անհատներին բացահայտել և փոխել բացասական մտածողությունն ու վարքագիծը, կապված սննդի, մարմնի պատկերի և ինքնագնահատականի հետ:

Այլ տարածված հոգեբանական թերապիաներից է՝ ընտանեկան թերապիան: 

Ընտանեկան թերապիա (FBT)

 Նմանատիպ թերապիան հատկապես արդյունավետ է դեռահասների համար և ներառում է ընտանիքի աջակցությունը բուժման գործընթացում՝ անհատի վերականգնմանը նպաստելու համար: Հաճախ անորեքսիա ունեցող անհատներին խորհուրդ է տրվում մասնակցել նաև խմբային թերապիաներին՝ իրենց հասարակության լիիրավ անդամ զգալու նպատակով; 

 

4. Դեղորայքային բուժում 

 Որոշ դեպքերում կարող են նշանակվել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները կամ հակատագնապային դեղերը: 

Կարևոր է նշել, որ բուժման հաջողությունը տարբեր է յուրաքանչյուրի դեպքում և շատ անհատական: Ուստի անհրաժեշտ է սննդային վարքի խանգարումը բացահայտելուց հնարավորինս շուտ դիմել մասնագետի:

bottom of page